четверг, 19 сентября 2013 г.

Հայաստանի ցավը No 1

Կա մի շատ կարևոր խնդիր մեր երկրում, որի մասին մտածում եմ հիմա, բայց որքան խորանում եմ, այնքան չեմ ուզում մտածել դրա մասին: 
ԿԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ:
Այս հարցի մասին մտածելիս ամենաառաջինը ինքս իմ մեջ՝ իմ իմացած ու դեռ չիմացած գիտելիքներով վերլուծում եմ՝ ինչ է ԶԼՄ ասվածը: ԶԼՄ - ի հիմնական ու կարևորագույն խնդիրներից մեկը հանրությանն օբյեկտիվ և ճշմարտացի ինֆորմացիա հաղորդելն է: Այս խնդրի լուծմանը զուգահեռ, կամա թե ակամա, ծնվում է մեկ այլ խնդիր, կարելի է ասել գերխնդիր՝ հասարակության աշխարհընկալման, քաղաքացիական գիտակցության ձևավորումն ու զարգացումը: Այս կարևորագույն խնդիրը գրեթե անհնար կլինի լուծել որևէ երկրում, եթե ԶԼՄ - ի գերակշռող մասը լինի այս կամ այն համակարգի ձեռքում կատարող: Այս տարբերակում երկրում գերիշխող <<չար ուժերը>> կարող են հասարակությանը տանել շփոթության, կառավարել յուրաքանչյուր քայլ և նույնիսկ կառավարել հասարակության ոչ մտավորական խավի մտքերը: Այս տարբերակում յուրաքանչյուր ժողովրդավարական հանրապետություն ուղղակիորեն կվերածվի տոտալիտար կամ ավտորիտար հանրապետության: Ցավոք, բերված օրինակները հատուկ են և, ինչու ոչ, բառիս բուն իմաստով նկարագիրն են մեր պետության: Մեր հասարակությանը համախմբող, դաստիարակող, ուղղորդող և մի շարք այլ կարևորագույն գործառույթներ կատարող ԶԼՄ - ն և մի շարք <<յանի>> լրագրողներ այսօր դարձել են հասարակության քայքայման հիմնական պատճառ: Մի շարք լրատվական կայքեր, թերթեր, հեռուստաընկերություններ պատկանում եմ այս կամ այն քաղաքական գործչին, իսկ մնացածն էլ գտնվում են ուղղակի քրեաօլիգարխիկ ռեժիմի ենթակայության տակ: Մատերի վրա՝ մեկ ձեռքի մատերի, կարելի է հաշվել լրագրողական էթիկայով և մարդկային արժեքներով շարժվող լրագրողներին ու լրատվական համակարգերին: 

Հ.Գ. Չհարգելի լրատվական կայքե՛ր, գիտեմ, որ ձեզ դուր է գալիս և փող ու պատիվ է բերում, երբ ձեզ Likeմեջ են անում, բայց գոյություն ունի սահմանադրությամբ հաստատված ԶԼՄ - ի մասին օրենք և լրագրողական էթիկա, որի մասին դուք՝ այդ կայքերում աշխատող լրագրողներ, կամ խառը կայքերից նյութեր ու տարբեր սոցկայքերից օգտատերերի ստատուսներ copy-paste անող բանվորներ, հաստատ չեք կարող տեղյակ լինել: ԵՎ ուրեմն, կամ գնացե՛ք կրթվեք, կամ էլ ձեր երևակայության արդյունքում ծնված հիվանդագին մտքերը, ձեր տերերի փողերով բացած կայքերի միջոցով մի՛ դարձրեք իրականություն՝ փաթաթելով այն ձեր իսկ հայրենակիցների վրա:

суббота, 14 сентября 2013 г.

Մի հասարակ, թափառական...


Ամառային շոգ երեկո էր: Երկնքից հեռացել էր արեգակը՝ թողնելով նրան լուսնի սպասումով: Երկնային մթությունը պատել էր քաղաքի լուսավորված փողոցները: Ամեն բան նույնն էր, ինչ ամեն սովորական երեկո: Մարդիկ զբոսնում էին քաղաքի փողոցներով, զրուցում, զվարճանում ու հանգստանում ցերեկվա կիզիչ արևից: Տղաների մի մասը խումբ-խումբ զբոսնում էր՝ բարձրաձայն կատակելով, կատակների մեջ օգտագործելով ոչ պարկեշտ բառեր, ուշադրություն չդարձնելով անցնող կանանց, աղջիկների ու երեխաների վրա: Մի մասը զմայլվում էր մեր նաիրյան աղջիկների հեզաճկուն հետույքներով ու հագեցնում ծարավը երկար գարշելի հայացքներով:

Քաղաքում շատ հազվադեպ էին լինում փոփոխություններ, ամեն բան հիմնականում նույնն էր: Նույնն էր քաղաքական իրավիճակը, որ նման էր պոռնոգրաֆիկ սյուժեով ֆիլմի, նույնն էին փողոցի թանկարժեք ու հենց նույն զբոսնողների համար ցուցահանդես դարձած խանութ-սրահները, նույնն էին հիմնականում այդ ժամին փողոցում կանգնած մարմնավաճառները, որոնց ներկայությունը շատերի զբոսանքը դարձնում էր տհաճ:
Սակայն այդ օրն առանձնանում էր մնացած նման օրերից Նրա համար: Նա արդեն զզվել էր այդ ամենից: Քայլում էր փողոցով ու ուշադիր զննում ամենքին՝ փորձելով ներթափանցել յուրաքանչյուրի մտքերի խորքը ու հասկանալ ամենքին: Նա քայլում էր, նայում էր բոլորին, միևնույն ժամանակ վախենում ու փախչում անծանոթ ու տարօրինակ հայացքներից: Նա չգիտեր՝ ուր էր գնում և ինչի համար, ուղղակի քայլում էր ամեն օրվա նման իր սիրելի ու գեղեցիկ փողոցով, որը լի էր տհաճ ու բռի մարդկային էակներով: Նա չէր սիրում կատուներին և ամեն անգամ նրանց տեսնելիս վախեցնում էր ու քշում հեռու: Ահա նրա առջև հայտնվեց մի մեծ, գեր սև կատու, նա ցանկացավ անել այն, ինչ միշտ էր անում, սակայն նայելով շուրջը՝ ամաչեց հասարակական կարծիքից ու շարունակեց ճանապարհը: Մի քանի քայլ անցնելով տեսավ մի աղջկա և մի տղայի, որոնք փողոցում բոլորի ներկայությամբ վիճում էին իրար հետ: Այնուհետև տղան բղավեց և ապտակեց աղջկան մարդկանց ներկայությամբ, որոնք արդեն չռել էին իրենց աչքերը՝ նյութ հավաքելով բամբասկոտ բերանների բացման համար: Եվ նա, այդ ամենը տեսնելով, հանկարծ հիշեց այն մեծ, գեր, զզվելի կատվին, որին չվախեցրեց՝ ամաչելով հասարակական կարծիքից, համեմատեց այդ ապտակ ստացած աղջկա հետ, իսկ իրեն էլ՝ ապտակողի հետ: Մինչ նա մտածում էր հասկանալու համար այդ անշնորհք ու ստորացուցիչ արարքը, որ մարդկային չէր և սազական չէր նույնիսկ կենդանական բնազդով առաջնորդվող էակներին, զգաց, որ կանգնած է փողոցի մեջտեղում ու բոլորը, նրան հրելով և իր վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում են իրենց զբոսանքը: Մտքերը ցրելու համար շարունակեց քայլել: Հոգնեց, մտավ մոտակա այգին, որպեսզի նստի կանաչ խոտածածկի վրա ու զմայլվի աստղալից երկնքով, որի մասին կարծես մոռացել էին բոլորը: Նրա մոտ զգացում էր, որ այդ երկինքը միայն իրենն է այդ պահին: Հասավ երանելի խոտածածկին, արդեն ցանկանում էր նստել, երբ այդ պահին իր մոր հետ զբոսնող մի երիտասարդ շրջվեց և թքեց հենց այնտեղ, ուր ինքը ցանկանում էր նստել: Նայեց մորը, հետո որդուն և մոռացավ նստելու մասին:



Նա զայրացել էր. մանրուքները, որոնք շատերի համար աննկատելի են և սովորական այդ պահին, դարձել էին մեծ խնդիրներ, որոնք, կուտակվելով իր մտքերում ու խառնվելով իրար, նրա ուղեղում ծնել էին քաոս: Բոլորից նեղացած, արդեն զզվանքի վերափոխված զգացումով լի Նա քայլում էր՝ արդեն չնայելով ոչ-ոքի: Այդպես, Նա դեռ երկար քայլեց՝ չկարողանալով հասկանալ մարդկային, նույնիսկ այդ փոքրիկ չարություններն ու նողկալի արարքները՝ չմտածելով սպանության, գողության, դավաճանության ու էլ ավելի խորը ու զզվելի երևույթների մասին:
Վերջապես լուսինն էլ լքեց երկնակամարը, արեգակն արդեն կամաց գալիս էր իշխանության: Չնայած նրան, որ ամառ էր, օդը սառն էր և ակամա դող էր ընկնում մարմնում: Փողոցով անցնում էին փողոցները լվացող ջրի մեքենաները, որոնք առատ ջուր էին շփում ասվալտին: Հանկարծ այդ մեքենաներից մեկը կտրուկ արգելակեց, մեքենայից իջավ մի տարեց մարդ, որ կանգ էր առել՝ փողոցի մեջտեղում տեսնելով ինչ-որ սև բան: Նա մոտեցավ, կռացավ և սարսռեց. Նա էր՝ վրաերթի ենթարկված մի հասարակ փողոցային շուն:

Արթ Հով

Ամեն ինչ սկսվեց միանգամից…

Երկինքը խաղաղ, ամպերն են լուռ,
Երկիրն է կանաչ, գետերն աղմկում,
Երկնքից կառչած ժայռեր ամուր,
Ու գազանները բնազդով ապրում:
Ամեն բան խաղաղ է, ամեն բան ճիշտ,
Բնության օրենքներ, որ անխախտ են միշտ,
Եվ մի աշխարհ մաքուր, իդեալական,
Ուր չկար կեղծիք ու միտք ստրկական:

Բայց ամեն ինչ սկսվեց միանգամից,
Ու հեքիաթային բնության արգանդից
Մի նոր գազան ծնվեց պատահական,
Եվ այդ գազանն ուներ միտք բանական,
Գազան, որ հետո մարդ դարձավ,
Ապրեց, արարեց ու զարգացավ:
Մարդկային խմբեր՝ առանձին ապրող,
Ամեն մեկն իրեն էր վերցրել կտոր հող,
Վերցրել այն ամենը, ինչ իրենը չէր,
Դարձրել ինքն իրեն բնության միակ տեր:

Եվ ամեն ինչ սկսվեց միանգամից,
Մարդկային արյուններ խառնվեցին իրար,
Ու ծնվեցին ազգեր վայրի ամբոխից,
Եվ ծնվեց շահ ու կյանքի պայքար:
Իսկ բնությունը, որ մարդ էր ծնել,
Մոռացվեց արդեն, դարձավ անհարմար,
Ու պալատներ սկսեցին շինվել,
Հենց այնպես, ուղղակի, հաճույքի համար:
Այրվեցին ծառեր, որ կյանք են ու օդ,
Դրանց փոխարեն՝ տուն ու տաճար,
Ու կարևոր չեն արդեն ո՛չ արև, ո՛չ խոտ,
Հենց այնպես, ուղղակի, հաճույքի համար:

Ամեն ինչ սկսվեց միանգամից,
Մարդկային ոռնոց, ահ ու թախիծ,
Ու պատերազմներ հաջորդեցին իրար,
Ոչ հենց այնպես՝ հենց հողի համար:
Ու պատմություն ծնվեց արյունով գրված,
Հասարակ ու նույն մարդկանց մասին,
Ոմանք բռնապետ, ոմանք ստրուկ դարձած,
Ոմանք հաղթվել, ոմանք հաղթել շահին:
Ու ստեղծեցին մարդիկ շահի մի աստված,
Մոռացան ամենը՝ խիղճ ու արժեքներ,
Դա չարիք է, որ փող է կոչված,
Կոչված է խեղդել ու քանդել բարքեր:

Ամեն ինչ եղավ միանգամից,
Բարի ու չար, ծիծաղ ու թախիծ,
Միշտ եղել է այն, ինչ կա և հիմա,
Կլինեն տերեր՝ դաժան, անխնա,
Կլինեն մեծեր, հերոսներ հավերժ,
Եվ կմնան անուններն անվերջ,
Մեր հուշերի ու պատմության մեջ:

Ամեն բան սկսվեց միանգամից,
Ու կարևոր մեկ բան, կարևոր շահից,
Կարևոր օտար, ուրիշի հողից,
Մեկ բան ու մեկ բառ՝ առանց կռիվ ու արյուն,
Մեկ բան, որ կոչվում է խաղաղություն:



                Արթ Հով

Էշերի երկիրը

Հնագույն երկիր մի անհայտ հեռվում,
Ուներ փոքրիկ լիճ ու լեռներ բազում:
Այդ երկրում ապրում էր տարօրինակ մի ազգ,
Մի մասն ուներ շատ փող ու չուներ հարգանք,
Մի մասը անփող, մի մասը աղքատ,
Մի մասը բարի, մի մասը տականք:
Ու հեռուն այդ առանց իր կամքի,
Մի օր դարձավ երկիր էշերի:
Ապրում էին այնտեղ էշերն ու մարդիկ,
Խառնվել էր ամենը,
Պաշտոն, ժամ ու դիրք:
Երկրի գլխին մի էշ էր նստել,
Խելքով իր ոչ մեծ երկրին տիրել:
Ամեն բան խառն էր այդ երկրում,
Էշերն ապրում,
Մարդիկ աշխատում:
Ու տները կամաց-կամաց դառնում էին գոմեր,
Գոմեր էին դառնում նաև դպրոցներ:
Մեղմ ասած վատ էր վիճակը երկրի,
Տիրակալն ազգին տանում էր անդունդ,
Թանկացրել ամեն բան՝ հարկ ու սնունդ:
Ժողովուրդն արդեն հոգնել էր, գժվել,
Բոլորը տներից փողոցներ ելել:
Ու մարդկային ամբոխ դատարկ գրպանով,
Ելել էր դեմ էշերին՝ դատարկ գլխով:
Ո՞վ կհաղթի բարին, թե՞ չարը,
Կփոխվի արդյո՞ք էշերի դարը:

Կխնդրեմ կենդանի, որ էշ ես կոչվում,
Չնեղանաս ինձանից, երբ գրածս կարդաս,
Միգուցե դու ավելի շուտ հասկանաս:
Իսկ նրանց հասկանալն ում ես էշ կոչեցի,
Իրոք, տեղիք է տալիս կասկածի:



Արթ Հով

Քառյակ

Դարերի պատմություն, որ մի կողմ դրվեց,
Մի բոբիկ բռնապետ քեզ անարգել տիրեց:
Բոլորը անհույս գնում են անհետ,
Արդեն քո հիմն էլ կապ չունի քեզ հետ:

Արթ Հով

Չեմ հավատում

Ես քեզ չեմ հավատում,
Քանի որ չկաս:

Վերից մի լույս է պատում հողը երկրի,
Ու դա միայն լույսն է ջերմացնող արևի:
Անձրևներ են գալիս ու գնում,
Լինում է հեղեղներ են ծնում:
Ու դա բնական է.
Բնության աղետ,
Ու դա բնավ կապ չունի քեզ հետ:

Ես քեզ չեմ հավատում,
Քանի որ չկաս:

Ու ամեն վայրկյան կծնվի մանուկ,
Նոր կյանք, նոր սեր, մի նոր պատմություն:
Ու կսկսվեն նոր ճակատագրեր,
Որոնց սցենարը ոչ-ոք չի գրել:
Ու ամեն վայրկյան կգնան մարդիկ,
Կգնան այնտեղ ուր չկա ոչինչ:
Մարդիկ ծնվում են,
Մարդիկ մահանում:
Չգիտեմ այդ ով է,
Սա քեզ հետ կապում:

Ես քեզ չեմ հավատում,
Քանի որ չկաս:

Ամենքիս համար կա կյանքում մի դեր,
Մեկս բժիշկ, մեկը գող, իսկ մյուսը տերտեր:
Մեկը մարդ է, մյուսը մարդասպան,
Մեկը գող է, մյուսը ոստիկան,
Մեկը տգետ է, մյուսը գիտնական:
Ապրում ենք ամենքս մեր կյանքով տարբեր,
Ամենքս մեզ համար ստեղծում մի նոր դեր:
Այս ամենը չեմ փոխի ոչ ես, ոչ դու և ոչ էլ կրոն,
Չի փոխել, չի փոխի, ոչ մի <<հրեա պարոն>>:

Ես քեզ չեմ հավատում...


Արթ Հով

Գիշեր է նորից

Երբ գնա արևը նորից,
Ուրեմն գիշեր է կրկին:
Ու մթության մեջ նորից,
Կմնամ մենակ ես կրկին:
Եվ այդ ժամ հոգնած ամենքից,
Բարի երազը կսկսվի կրկին:
Այդ երազում կա մի աշխարհ մաքուր,
Ուր ազատ են բոլորը՝ ազատ ու բարի:
Ու քայլում եմ ես մենակ, բայց ոչ միայնակ,
Քայլում եմ ազատ, ազատ ամենքից,
Ազատ ամեն տեսակ ցավոտ մտքերից:
Աշխարհն այդ իմ երազի,
Նման չէ նույն աշխարհին իմ առավոտի:
Չկա այնտեղ ո՛չ գող, ո՛չ ոստիկան,
Չկա ո՛չ զոհ, ո՛չ մարդասպան,
Նախագահ չկա նույնիսկ իմ երազում,
Չկան նրա շուրջ մանկլավիկներ բազում:
Կա եկեղեցի, կա խաչ, կա կրոն,
Բայց չկա տերտեր իմ երազում,
Բոլորն են այնտեղ ծառայում Աստծուն:
Նման չէ իմ երազը քեզ,
Նման չէ քեզ աշխարհ իրական:
Կա միայն մեկ բան, որ նույնն է երազում
Դա նա է ում սիրում եմ և կյանքում:
Երազս կարծես ավարտվեց,
Աչքերիս առջև արևից կարմրեց:
Ես արթնացա այս առավոտ նորից,
Ու ոչինչ կրկին չկա իմ երազից,
Կա միայն մեկ բան նման երազի
Դա նա է ում սիրում եմ ամեն օր նորից,
Նա եկել է իմ կյանք, իմ բարի երազից:


Արթ Հով