Հայ – ռուսական երկարամյա ջերմ փոխհարաբերությունների մասին գիտենք բոլորս:
Թերևս, Ռուսաստանը մեր ռազմական գործընկերն է: Իսկ ո՞վ ենք մենք Ռուսաստանի համար: Ի՞նչ ենք տալիս մենք Ռուսաստանին, ու ի՞նչ ենք դրա փոխարեն ստանում:
Ոչ ոքի համար նորություն չէ, որ Ռուսական զորքերը ապահովում են մեր սահմանների անվտանգությունը երկրի արևմտյան և հարավային մասերում: Այն է՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահամանագծերը: Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, որտեղ ծառայում են մոտ 5000 ռուս զինվորականներ: Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող պայմանագրի 2012 թվականի վերակնքման հանաձայն՝ Հայաստանն ու Ռուսաստանը զենքի ընկեր են լինելու մինչև 2044 թվականը: Ինչի հետևանքով կամ շնորհիվ ռուսական ռազմաբազան մինչ այդ կմնա Գյումրիում, իսկ զինվորականները կշարունակեն ծառայությունը սահմանագծում:
Ինչու՞ հետևանքով, և ինչու՞ շնորհիվ:
Հայաստանն ունի պետական անվտանգության խնդիր: Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվում են դիվերսիոն ներխուժումներ և կրակոցներ, որոնց հետևանքով արդեն զգալի թվով հայ զինվորականներ են զոհվել խաղաղ պայմաններում: Թուրքիան ևս, հանդիսանալով թշնամի երկիր Հայաստանի համար, սպառնում է անվտանգությանը: Սակայն Թուրքիայի դեպքում սահմանագծին կրակոցներ ու ներխուժումներ չեն գրանցվում:
Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները տանում են այն տրամաբանությանը, որ Ադրբեջանը լծակ է Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Այս տարի հայոց ցեղասպանության 100 ամյակն է: Եվ պարզից էլ պարզ է, որ այդ լծակը օգտագործվելու է իր ամբողջ պոտենցիալով:
Հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումների պարագայում անգամ ռուսական կողմը, ունենալով երկարաժամկետ ռազմական գործընկերության պայմանագիր Հայաստանի հետ, չի ապահովում հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը, այլ միայն հայ-թուրքականը:
Ավելին, օգտագործելով հակամարտությունը` Ռուսաստանը զենք ու զինամթերք է վաճառում միաժամանակ երկու կողմերին, այդպիսով ապահովելով սեփական շահութաբերությունը և նպաստելով կոնֆլիկտի սրմանը:
Հակամարտության խնդիրը ռուսական կողմին միայն շահութաբերություն չէ, որ ապահովում է: Դրա հետևանքով մեր երկրի իշխանությունները և անգամ ներքաղաքական զարգացումների ընթացքը մեծապես կախված են ռուսական որոշումներից:
Հայաստանում առկա սոցիալական և իրավական խնդիրները բազում են: Իսկ անվտանգության խնդրի և Ղարաբաղի հարցի շահարկումը իշխանությունների կողմից հիմնականում միտված են ճնշելու հանրային ընդվզումները և ուշադրությունը շեղելու կարևոր խնդիրներից:
Հայ-ռուսական հարաբերությունների դրական և բացասական կողմերի մասին երկար կարելի է խորհել: Սակայն անդրադառնալով միայն անվտանգության խնդրին` արդեն ոչ պետական մակարդակում, հարկ է խոսել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կողմից սպառնացող վտանգների մասին:
2 տարի առաջ ռազմաբազայի մոտակայքում գտնվող полигон-ում 2 երեխա է զոհվել ականի պայթյունից: Ռազմական դասընթացների համար նախատեսված հատվածում ոչ մի նախազգուշացնող նշաններ չեն եղել ականների առկայության վերաբերյալ:
Ռազմաբազայի ղեկավարությունը ոչ միայն չհայտնաբերեց ու չպատժեց մեղավորներին, այլև հերքեց գյումրեցիների կողմից հնչեցված մեղադրանքները:
1999 թվականին 2 ռուս հարբած զինծառայող զինված AK-74 տեսակի ավտոմատներով ռազմաբազայի տարածքից դուրս են եկել քաղաք և կրակահերթ բացել խաղաղ բնակչության ուղղությամբ, արդյունքում 2 քաղաքացի՝ Վաղինակ Սիմոնյանը և Դավիթ Սողոմոնյանը զոհվեցին, իսկ 14 հոգի վիրավորվեցին:
ՀՀ սահմանադրության համաձայն` մարդասպաներին սպառնում էր ցմահ բանտարկություն, սակայն ռուսական կողմը չհանձնեց հանցագործներին, դատավարությունը տեղի ունեցավ Ռուսաստանում: Իսկ դատավարության ընթացքի և որոշման մասին քիչ բան է հայտնի:
Այս ամենից հետո հարկ է անդրադառնալ հունվարի 12-ի վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական դեպքին:
21 կրակված փամփուշտ, 6 զոհ մեկ ընտանիքում, որոնք սպանվեցին սեփական անկողիններում: Ռուսական ռազմաբազայից 3.5 կմ հեռավորության վրա գտնվող գյումրեցի այս ընտանիքի տանը հայտնաբերվեց AK-74 տեսակի ավտոմատ, մեկ սվին դանակ, 2 փամփշտակալ, զինվորական հագուստ և կոշիկներ` գրանցված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի անվամբ:
Որոնողական աշխատանքների հետևանքով հայ-թուրքական սահմանի մոտակայքում կասկածյալը հայտնաբերվեց ռուս զինվորականների կողմից:
ՌԴ-ի սահմանադրության համաձայան Ռուսաստանի քաղաքացիների յուրաքանչյուր հանցագործություն քննվում և դատապարտվում է տեղի իրավական և դատական մարմիների կողմից: Արդյունքում Հայաստանի տարածքում հայ ընտանիքի սպանության մեղանդրանքով ձերբակալված ռուս զինծառայողը չհանձնվեց հայկական կողմին:
Դեպքի վերաբերյալ տեսակետները տարբեր են:
- Հայ իրավապահների կողմից կասկածյալին հայտնաբերելու դեպքում հետաքննությունը պետք է իրականացներ հայկական կողմը:
- Ռուս զինվորականների կողմից հայտնաբերվելու դեպքում կասկածյալը պետք է մնա ռուսական կողմի հսկողության ներքո:
- Եթե հանցագործությունը կատարվել է ռազմաբազայից դուրս, ապա ռուսական կողմը չպետք է միջամտի հետաքնությանը: Ռուսական կողմը կարող է հետաքննել և դատապարտել կասկածյալին միայն դասալիքության կասկածանքով, այլ ոչ թե սպանության:
Այս տարբերակների քննարկումը կամա թե ակամա հիշեցնում է ոչ վաղ անցյալում Ռուսաստանում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կողմից կատարված ոչ միտումնավոր սպանությունը, երբ ավտոմեքենայի անսարքության հետևանքով վթարը խլեց մարդկային կյանքեր:
Եթե և՛ ՌԴ, և՛ ՀՀ սահմանդրության համաձայն երկրի քաղաքացու կատարած հանցագործությունը քննվում է տեղական իրավապահ և դատական մարմինների կողմից, ապա ինչու է Պերմյակովի դեպքում օրենքը գործում Ռուսաստանի համար, իսկ Հրաչյա Հարությունյանի դեպքում Հայաստանի համար` ոչ:
Այս հարցի պատասխանի փնտրտուքում հնարավոր է հանդիպել մի շարք տրամաբանական և անգամ անտրամաբանական պատճառների: Լավագույն պատասխանն, ըստ իս, արծարծված է հոդվածիս վերնագրում: